Խաչ` ի հիշատակ եվ խաչված բողոք

       Անցո'րդ, մի' շտապիր, կա'նգ առ մի պահ:Փորձե՞լ ես երբևէ ականջ դնել քարին: Լսե՞լ ես արդյոք նրա լուռ պատմությունը: Ո՞չ: Ուրեմն սպասի'ր և լսի'ր, թե ինչ կպատմեմ:

       Նորքի V զանգվածում` Ս.Սարգիս եկեղեցու հարևանությամբ, գտնվում է թիվ159 ավագ դպրոցը: Դպրոցի բակում` մի քարակերտ խաչ` բազմախորհուրդ, հայկական գեղեցկությամբ ու, որ հատուկ է միայն իրեն, խոսող: Այո', խոսում է նա ու պատմում, և թե մոտենաս ու ունկն դնես, դու էլ կլսես այդ քարաբառ պատմությունը: Ուշադի'ր նայիր: Աչքերիդ առջև ողջ երկրագունդն է, իսկ նրա վրա` հենց վերևում, առանձնանում է համայն հայության միակ հայրենիքը` Հայոց աշխարհը: Ասել է թե` մի մեծ երկրագունդ, մի փոքրիկ, բայց սուրբ հայրենիք: Ու ... այստեղից էլ հառնում է խաչը` մեկ այլ սրբություն, որ ողջ հմայքով կարկառվում է երկինք` մե'րթ ի փառս նահատակաց, մե'րթ իբրև բողոք համր, անբարբառ ու մշտալուռ աշխարհին: Իսկ երկինքը... երկինքը հայկականն է, հայո'ց երկինքն է, որ կամարաձև բոլորել է այս խաչված գեղեցկությունը: Կա՞ արդյոք աշխարհում մի այլ երկինք, որ իր ներքո ունենա այնքան խաչքարեր ու քարե խաչեր, որքան այտեղ է` այս կամարի տակ: Կամ կա՞ մի երկինք, որ իր կամարից զանգ ունի կախված` ի լուր աշխարհի իր վիշտը ազդարարող,զանգ բողոքի` ուղղված լուռ, համր ու խուլ ձևացող «քաղաքակիրթ » աշխարհին, որն այդպես էլ չլսեց կամ չուզեց լսել ոչ մի ձայն, ոչ մի հառաչանք, քանզի նա գիտե լոկ 16-ը շրջել, 61 դարձնել և «թղթե շերեփ» ունեցողի ձայնին այդպես էլ չանսալ: Թերևս պատասխանի սպասելու հարկ չկա, քանզի այն մեկն է, նույնն է. ո'չ, չկա մեկ այլ բազմատանջ ու հավիտենահառաչ ժողովուրդ այս ծեր արևի տակ: Դրա համար էլ քարե այս խաչը հառնում է երկրագնդի վրա պատկերված Հայաստան երկրից ու քարակարկառ կանգնում` ի լուր ապրողաց հայտարարելու 7 նահատակների և գիտակցված մահվամբ ընկած բյուր-բյուրավոր քաջերի սխրանքի մասին: Ականջդ մո'տ բեր, անցո'րդ, ու լսի'ր: Լսու՞մ ես...
       Յոթ աղբյուրներ իրենց վճիտ հնչյուններով պատմում են նրանց անմահության և մեր հուշերում ու սրտերում հարատևելու մասին: Պատմում են նաև, որ այդ յոթ խիզախները` ընկած Արցախյան ազատամարտում, ա'յս դպրոցում են սովորել ու հայրենիքի հանդեպ ունեցած այդ մեծ սիրո ու նվիրումի դասերն առել ա'յս պատերի ներսում: Ու դպրոցը նրանց չի մոռացել և երբեք էլ չի մոռանալու: Այդ յոթ անունները միշտ սուրբ են դպրոցի յուրաքանչյուր աշակերտի համար, և քարե այս խաչված գեղեցկությունը, որ դպրոցի տնօրենի` պ.Հ.Հակոբյանի մտքի թռիչքն է ծնել ու կերտել, կանգնեցվել է ոչ միայն «ի հիշատակ նահատակաց, ի լուր ապրողաց և իբրև բողոք համր ,անողոք աշխարհին», այլ նա ավելի վեհ ու ավելի մեծ առաքելություն ունի.այն դարձել է մի փոքրիկ ուխտավայր, ուր յուրաքանչյուր ուստարվա առաջին օրը` Կրթության տոնին, դպրոցի շեմն առաջին անգամ ոտք դնող աշակերտները այստեղ են տալիս իրենց հանդիսավոր երդումը... Անցո'րդ, երբ անցնես թիվ 159 ավագ դպրոցի մոտով, մի' շտապիր, կա'նգ առ մի պահ ու մոտենալով այս խաչված կոթողին` ականջդ մո'տ բեր և լսի'ր, թե ինչ է պատմում այն...