Էքսկուրսիա

       2011 թ., ապրիլի 9… Երևանի հ.159 ավագ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը աշակերտների հետ միասին հավաքվել էր դպրոցի բակում` մի սուրբ նպատակի շուրջ` ուխտագնացություն դեպի Խոր վիրապի վանք: Բոլորին համախմբել էր մի վեհ գաղափար` մենք հայ ենք, ունենք սրբագույն հավատք, որը մեզ ավանդվել է սուրբ Գրիգոր Լուսավորչից: Մեր ժողովուրդը դարեր շարունակ այդ հավատքի համար է պայքարել, բազում կռիվներ մղել թշնամիների դեմ ու իր` հայի ինքնությունը պահել խաչի զորությամբ, Աստծու աջի հովանու ներքո և նրա պատվիրաններին հետևելու շնորհիվ:Այս հավատքով ենք բռունցքվել, տոկացել, ու այն պետք է ավանդենք գալիք սերունդներին: Վաղ առավոտյան ուխտավորների խումբը (թվով 136 հոգի) ճանապարհվեց դեպի մեծն Լուսավորչի սրբավայրը` իր հավատքի տուրքը մատուցելու և հաղորդակցվելու նրա սուրբ մասունքներին: Չնայած եղանակը մռայլ էր, երկինքը` ամպամած, բայց եկեղեցու բակում հոծ բազմություն էր հավաքվել. Ուխտավորների երթը շարունակվում էր: Սկսվեց պատարագը, և բոլորը պատարագիչ քահանայի հետ մրմնջում էին Տիրոջն ուղղված «Հայր մեր»-ը` տոգորված անասելի երկնային ուժով. դա հավատքի զորությունն էր, որ ուխտավորներին դարձրել էր մեկ ամբողջություն` իբրև Լուսավորչի գործի շարունակողներ: Սուրբ տաճարում յուրաքանչյուրն իր հավատի կերոնը վառեց, այցելեց սրբի չարչարանաց վիրապը, հաղորդակից դարձավ նրա էությանը… Վիրապից դուրս գալով` տարօրինակ թեթևություն էր համակել բոլորին. Հավատքը կարծես ամենքի հոգում վերստին ամրացել էր: Իսկ աշակերտների համար այս ուխտա-գնացությունը պարզապես հայտնություն էր: Նրանք համոզվեցին, որ զորավոր է քրիստոնեական հավատքը, և այն ոչնչով չի փոխարնվի, որ ոչ մի աղանդ չի խաթարի նրա սուրբ ու վեհ ուղին… Ուխտագնացությունը դաստիարակչական մեծ նշանակություն ունի ցանկացած հայի համար` իր սրբազան հավատքը պահպանելու գործում: Այդպես էլ մեզ համար այն այն յուրահատուկ մի ծես էր, որը հաճելի թեթևություն պարգևեց թե´ ուսուցիչներին, թե´ աշակերտներին…