Միջոցառումներ

Օրերս ԱԻՆ հետ համատեղ հ. 159 ավագ դպրոցում կազմակերպվեց և անցկացվեց ուսանելի միջոցառում «Դպրոցի անձնակազմի տարհանումը հրդեհի ժամանակ» խորագրով: Սցենարի համաձայն` հրդեհի ազդանշանի մեկնարկից հետո դպրոցի ողջ անձնակազմը լքեց շենքը: Այնուհետև ահազանգից հաշված վայրկյաններ անց դպրոց ժամանեց ԱԻՆ փրկարական ջոկատը: Աշխատանքների իրականացման ընթացքում ԱԻՆ աշխատակիցների օգնությամբ շենքից դուրս բերվեցին աշակերտները և ուսուցիչները, որից հետո գործի անցան հրշեջներն ու փրկարարները: Այն հատվածը, որտեղից անհնար էր մարդկանց ինքնուրույն դուրսբերումը, բանիմաց փրկարարները նրանց տարհանեցին պարանների օգնությամբ, իսկ ներքևում տուժածներին էր սպասում «շտապօգնության» մեքենան: Ուսումնական միջոցառումը ղեկավարում էին մայոր Ա. Գյուրջինյանն ու կապիտան Ա. Բաբայանը, ովքեր հավաստիացրին, որ նման ուսուցողական վարժանքները շարունակական են լինելու: Նշենք, որ միջոցառման նպատակն էր հնարավորություն տալ յուրաքանչյուրին լինել պատրաստ և գիտակ նման իրավիճակներում արագ արձագանքելուն:

Տիեզերագնացության օր

«Մարդ այնքան մեծ է, ինչքան որ նա ընդունակ է ուրիշներին սիրելու։
Երբ սիրում ես քո ընկերին, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն քեզ՝ միայն քո ես-ը։
Երբ սիրում ես մի ամբողջ ժողովուրդ, ավելի մեծ ես, քան եթե սիրես միայն ընկերիդ։
Մարդկությունը սիրիր ― մարդկության չափ մեծ կլինես։
Տիեզերքը սիրիր ― տիեզերքի չափ մեծ կլինես։»

                                     Ավ. Իսահակյան

     Ապրիլի 12-ին №159 ավագ դպրոցի համակարգչային դասասենյակում կայացավ «բաց դաս-միջոցառում» տիեզերագնացության օրվա առթիվ: Բաց դասի նպատակը տիեզերագնացության վերաբերյալ աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնելն ու գիտելիքերի ամրապնդումն էր: Աշակերտները ներկայացրին նյութեր արեգակնային համակարգի, մոլորակների, ինչպես նաև` առաջին տիեզերագացների վերաբերյալ:
     Նախ միտքը ծնվեց 11 Ֆ/մ դասարանում: Տղաները իրենց որոշումը հայտնեցին ֆիզիկայի ուսուցչին` Բ. Գյարաքյանին, որն աջակցեց ու կազմակերպեց միջոցառումը: Օրեր շարունակ աշակերտերը նյութեր էին հավաքում համացանցից և տարբեր աղբյուրներից: Միջոցառմանը պետք է մասնակցեին 11 Ֆ/մ և այլ դասարանների աշակերտները: Վերջապես, երկար քրտնաջան աշխատանքերից հետո, ապրիլի 12-ին` 7-րդ դասաժամին, կայացավ բաց դասը:


     Դասը վարեցին ֆիզիկայի ուսուցիչներ Բ. Գյարաքյանը , Հ. Ավանեսյանը,Օ. Անտոնյանը,Ա. Խալաթյան : Ներկա էին նաև փոխտնօրեններ Զ. Ղազարյանը, Յ. Հակոբյանը: Դասի սկզբին Բ. Գյարաքյանը ներկայացրեց այն հիմնական հարցերը, որոնք պետք է արծարծվեին ու քննարկվեին: Սկզբում 9-րդ դասարանցիները ներկայացրին Կեպլերի օրենքները մոլորակների շարժման վերաբերյալ: Այնուհետև 11 Ֆ/մ դասարանի աշակերտները հաղորդեցին հետաքրքիր տեղեկություններ Ծիր-կաթին գալակտիկայի, արեգակնային համակարգի ու մոլորակների վերաբերյալ: Եթե 7րդ դարում Անանիա Շիրակացու մեկնաբանությունը Ծիր-կաթինի վերաբերյալ, որ Ծիր-կաթինը ոչ թե առասպել է, այլ թույլ ու ուժեղ լույս ունեցող աստղերի խումբ, անհասկանալի ու անընդունելի էր, ապա այսօրվա սերունդը ոչ միայն ընդունեց, այլև դրան մոտեցավ գիտական տեսանկյունից:

Այնուհետև խոսվեց տիեզերագնացության զարգացման մասին: Մարդը դեռ հին ժամանակներից փորձել է պատկերացնել տիեզերքը: Այն թվում էր անհասկանալի ու անհաղթահարելի առեղծված: Գիտության զարգացմանը զուգընթաց մարդկությանը հուզող շատ հարցեր ստացան սպառիչ պատասխաններ: Աշխարհում իսկական հեղաշրջում էր 1961թ. առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի թռիչքը տիեզերք. չէ՞ որ մարդն առաջին անգամ տեսնում էր իր մոլորակը անսահման տիեզերքից: Քննարկվեցին նաև հետևյալ հարցերը. «Ո՞վ էր առաջին կին տիեզերագացը», «Ո՞վ առաջինը ոտք դրեց լուսնի վրա», «Ո՞վ առաջինը դուրս եկավ բաց տիեզերք»:
     Վերջում ուսուցիչները հետաքրքիր հարցեր ուղղեցին աշակերտներին տիեզերական երևույթների, դրանց` մեր Երկիր մոլորակի վրա ազդեցության վերաբերյալ: Աշակերտները, օգտվելով իրենց նախագիտելիքներից ու ստացած տեղեկություններից, փորձեցին պատասխանել հարցերին չափազանց հետաքրքիր մեկնաբանություններով: Ակնհայտ էր, որ աշակերտների պատկերացումերը տիեզերքի ու տիեզերագիտության վերաբերյալ սպասվածից շատ ավելին էին:
     Միջոցառումը կարելի է ստացված համարել: Չնայած աշակերտների լարվածության ու հուզմունքին, նրանք կարողացան իրենց առջև դրված առաջադրանքը կատարել ըստ արժանվույն: Խոստումնալից էին նաև նրանց ենթադրությունները տիեզերագիտության հետագա զարգացման վերաբերյալ:
     Բաց դասի վերաբերյալ իրենց դրական ու ոգևորիչ կարծիքն արտահայտեցին փոխտնօրենները: Ամեն ինչ հոյակապ ստացվեց: Աշակերտները շնորհակալություն հայտնեցին ներկաներին, և խոստացան, որ նման միջոցառումները շարունակական բնույթ կունենան:

հեղ. Վ.Գասպարյան


Շաբաթօրյակ


ԴՈւ ՊԵՏՔ Է ԼԻՆԵՍ ԺԱՄԱՆԱԿԻԴ ՇՈւՆՉԸ, ԵՐԻՏԱՍԱ'ՐԴ ՈւՍՈւՑԻՉ…

      «Ամեն մի երիտասարդ ուսուցիչ պետք է դպրոց բերի թարմություն և իր ժամանակի ջերմ շունչը դառնա . չէ՞ որ աշակերտը դրան է սպասում…»
      Այս պատգամով սկսեց իր խոսքը հ.159 ավագ դպրոցի փորձառու մանկավարժ, հասարակական ակտիվ գործիչ, բազմաթիվ պատվոգրերի և մրցանակների արժանացած ուսուցչուհի Օֆելյա Անտոնյանը դպրոցի երիտասարդ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ:
      Հանդիպումը կազմակերպվել էր փորձի փոխանակման նպատակով, որի ընթացքում երիտասարդ ուսուցիչներին հուզող մի շարք հարցերի ուսուցանող պատասխաններ տրվեցին:
      Սկսնակ ուսուցիչներին հուզում էին հատկապես մանկավարժության բնագավառում հաջողության հասնելու ուղիները և այդ ճանապարհին ծառացած խոչընդոտների հաղթահարումը:
      Ելնելով իր 40-ամյա մանկավարժական փորձից` Օ.Անտոնյանը նշեց. «Հաջողության հասնելու ուղիներն են սերը երեխաների և աշխատանքի նկատմամբ, պարտաճանաչությունը, համբերատարությունը, հանդուրժողականությունը, մեծահոգությունը, նվիրումով ներդրումը, ժամանակակից մեթոդների տիրապետումը և բանիմացությունը»:
       Նա անդրադարձավ նաև ընտանիք-դպրոց-պետություն կապին` նշելով.«Կայուն ընտանիքը կայուն պետության հիմքն է, իսկ կայուն է այն պետությունը, որտեղ կա օրենքի գերակայություն, քանի որ դրանով է մարդն արժևորվում ու դառնում ավելի ապահով, ինքնավստահ:Մենք ունենք շատ լավ գրված օրենքներ, որոնք պետք է ճիշտ կիրառենք, կյանքի կոչենք:Դրան պետք է նպաստի դպրոցը, որը ապագա սերունդներ կերտող դարբնոցն է:Ամեն մի երիտասարդ ուսուցիչ հենց այս կապը ամրապնդողը պետք է լինի, որ ինքն էլ կայանա:Մենք ունենք սերունդ, որի հետ կարող ենք արդյունավետ աշխատել, երկիր պաշտպանել, որին կարելի է վստահել ու ապավինել, որպեսզի հարատևենք…»


Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ

       2010 -2011 ուստարում հ. 159 ավագ դպրոցում դաստիարակության գծով փոխտնօրեն Յ. Հակոբյանի , կենսաբանության ուսուցչուհի Վ.Բաբայանի և ֆիզիկայի ուսուցիչ Բ.Գյարաքյանի գլխավորությամբ կայացավ «Ի՞նչ, որտե՞ղ,ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հերթական 3-րդ խաղաշրջանը`2 փուլով, որին մասնակցում էր ավագ դպրոցի 10-րդ դասարանի գիտակների 2 թիմ:
       Խաղի աշնանային փուլում գիտակների առաջին թիմը պարտվեց, իսկ գարնանային խաղաշրջանում 2-րդ թիմը հաղթեց արժանանալով «Տարվա լավագույն թիմ» տիտղոսին (թիմի ավագ` Հրանտ Վարոսյան) : Թիմը պարգևատրվեց պատվոգրով տնօրենի կողմից, և նրան փոխանցվեց խաղի խորհրդանիշը հանդիսացող առագաստանավը:
       Խաղի վերջում մրցատյանի (ժյուրիի) կողմից Անահիտ Զուրաբյանը ընտրվեց տարվա լավագույն խաղացող և պարգևատրվեց պատվոգրով ու գրքով:


Ոչ ցեղասպանությանը…

     2010թվականի ապրիլի 23-ին դպրոցում տեղի ունեցավ Միջոցառում ` նվիրված Մեծ եղեռնի 95- ամյակին, որի խորհուրդն էր` ո՛չ ցեղասպանությանը: Ճանաչում և դատապարտում. այս է մեր` հայերիս պահանջը աշխարհից: Պատմությունը չի մոռացվում, Մեծ եղեռնը` առավել ևս: Ահա թե ինչու այսօր` 95 տարի անց էլ հարցը չի կորցրել բարձրացվելու անհրաժեշտությունը:


      Եվ մենք հիշում ենք:Ու հիշում ենք ոչ թե սգալու, այլ մեր հիշողության մեջ թարմ պահելու և հարցի լուծմանը հասնելու համար:Վկա` մեր միջոցառումը, որը մեկ անգամ ևս կոչում է` Ոչ ցեղասպանությանը…